Հայաստանում 2009 թ.-ին ծնելիության աճը կազմել է 7 տոկոս

19.01.2010, 16:52
Հայաստանում 2009 թ.-ին ծնելիության աճը կազմել է 7 տոկոս
Հայաստանում 2009 թ.-ին ծնելիության աճը կազմել է 7 տոկոս

2009 թ.-ի արդյունքներով Հայաստանում գրանցվել է ծնելիության 7 տոկոսանոց աճ, տեղեկացրել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

«Եթե 2007-2008 թթ.-ին Հայաստանում ծնվել է 40 հազար երեխա, ապա 2009 թ.-ին այդ թիվը հասել է 43 հազարի: Դա իսկապես ֆանտաստիկ ցուցանիշ է», - ասաց նա:

Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի խոսքերով՝ նման աճի ապահովման մեջ մեծ դեր է ունեցել ծննդօգնության հավաստագրերի ներմուծումը:

Ծննդօգնության պետական հավաստագիրը գործում է Հայաստանում 2008 թ.-ի հուլիսի 1-ից և պետության կողմից երաշխավորված փաստաթուղթ է, որը հղիության և ծննդօգնության ընթացքում անվճար բուժօգնության և բուժսպասարկման իրավունք է տալիս պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

«Հանրապետությունում զգալիորեն նվազել է նաև մայրական մահացության մակարդակը: Եթե 2007-2008 թ.-ին գրանցվել է ծննդօգնության և հղիության ընթացքում կանանց մահացության մինչև 40 դեպք, ապա 2009 թ.-ին նման դեպքերի թիվը 12-ն է», - նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ամեն տարի կրճատվում է նաև հղիության ընդհատումների թիվը:

«Եթե 20 տարի առաջն յուրաքանչյուր նորածնին բաժին էր ընկնում չորս հղիության ընդհատում, ապա այժմ չորս նորածնին բաժին է ընկնում մեկ ընդհատում: Այսինքն՝ 20 տարվա ընթացքում հղիության ընդհատումների թիվը կրճատվել է 75 տոկոսով», - ասաց Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:

Աբրահամյանն ավելացրեց, որ դրան նպաստել են անցանկալի հղիությունից պաշտպանվելու նոր մեթոդները, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:-0-