Լրագրողները Հայաստանում երբեմն խախտում են էթիկայի տարբեր նորմեր. փորձագետ
Լրագրողները Հայաստանում երբեմն խախտում են էթիկայի տարբեր նորմեր, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
«Այն, որ մեր կազմակերպությունը պաշտպանում է ԶԼՄ-ների իրավունքները, չի նշանակում, որ լրագրողական միջավայրում էթիկայի նորմերի խախտումներ չկան»,- ասաց Մելիքյանը։ Ըստ նրա՝ լրագրողական համայնքն ինքը ներսից պետք է լուծի իր գործունեությունը էթիկայի նորմերին համապատասխանեցնելու խնդիրները։
Այս համատեքստում Մելիքյանը կարևորեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակազմակերպման համակարգի ստեղծումն ու զարգացումը։
«Այս հարցում մեծ նշանակություն ունի երկրի 40 ԶԼՄ-ների միավորումը միացյալ վարքականոնի շուրջ և նրանց պայմանավորվածությունը՝ գործել այդ նորմերի շրջանակներում»,- ասաց կոմիտեի ղեկավարը՝ միևնույն ժամանակ նշելով, որ մասնակիցներից ոմանք դուրս են գալիս համաձայնագրի շրջանակներից։
Նա նշեց նաև, որ միավորման մասնակիցների մեծամասնությունը ՀՀ մարզերի ԶԼՄ-ներն են։ «Անգամ եթե լրագրողները երբեմն և խախտում են էթիկայի նորմերը, հարցերը պետք է լուծել քաղաքակիրթ մեթոդով, առանց ձեռնամարտի»,- ասաց Մելիքյանը։
Մարտի 10-ին Երևանի մամուլի ակումբում տեղի ունեցավ մասնագիտական վարքականոնի հիմնական նորմեր մշակելու և հետագայում իրենց ամենօրյա գործունեության մեջ դրանց հետևելու մասին ԵՄԱ նախաձեռնությունը սատարող ԶԼՄ-ների ու լրագրողական միավորումների ղեկավարների խորհրդակցություն։ Խորհրդակցության ժամանակ ընդունվել և ստորագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ 2007 թ.-ի փետրվարի 2-ին ստեղծված և աշխատանքային խմբի կողմից մշակված Վարքականոնը։ Այն ստորագրել են 18 ԶԼՄ-ների ղեկավարներ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2009 թ.-ին Հայաստանում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 11 դեպք, ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու 14 դեպք և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 13 դեպք։ -0-