ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական երիտասարդական կազմակերպությունները երեքշաբթի դիմել են համաշխարհային հանրությանը՝ 1990թ.-ի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով: Դիմումի տակ ստորագրել են տասնյակ երիտասարդական կազմակերպություններ, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևեր և հայկական բուհերի ուսանողական խորհուրդներ:
«Մենք միշտ հիշում ենք այդ օրերը և այս ակցիայով փորձում ենք հիշեցնել համաշխարհային հանրությանը, թե ինչ է տեղի ունեցել Բաքվում 20 տարի առաջ, ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը:
Նա նաև ավելացրեց, որ այս ակցիայի մեկ այլ նպատակը հայկական երիտասարդությանը այդ ողբերգական իրադարձություններին ծանոթացնելն է:
Ավագյանը նշեց, որ չնայած այդ նախաձեռնության հեղինակը ՀՀԿ-ի երիտասարդական թևն է, սակայն նրան խանդավառությամբ միացան տասնյակ երիտասարդական կազմակերպություններ:
Ստորագրման արարողությունից հետո հավաքվածները երթ կազմակերպեցին դեպի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-