2009 թ.-ի հունվար-նոյեմբերին Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անվան վրա ստացվել է 806,5 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 35,4 տոկոսով պակաս է 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի մակարդակից (1248 միլիոն դոլար):
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ՀՀ Կենտրոնական բանկի 2009 թ.-ի նոյեմբեր ամսվա ամենամսյա տեղեկագրի տեղեկատվության համաձայն՝ միայն նոյեմբերի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 83,6 միլիոն դոլար կամ ֆիզիկական անձանց անվան վրա ստացված բոլոր միջոցների 81,8 տոկոսը:
Միաժամանակ հունվար-նոյեմբերին Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 86,8 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 110 միլիոն դոլարի դիմաց (21,1 տոկոսի կրճատում):
Այս ամենի արդյունքում 2009 թ.-ի հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 719,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1138,1 միլիոն դոլարի դիմաց, այսինքն անկումը կազմել է 36,8 տոկոս:
Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անվան վրա դեպի Հայաստան փոխանցված ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի 80,4 տոկոսը և երկրից կատարված բոլոր փոխանցումների 50,4 տոկոսը, իսկ Հայաստան փոխանցված միջոցների մաքուր հոսքում Ռուսաստանի մասնաբաժինը հունվար-նոյեմբերին կազմել է 86,6 տոկոս: 2008 թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 83,8 տոկոս, 50,3 տոկոս և 89,6 տոկոս (1 դոլարը 378,14 դրամ է):-0-