Թուրքիան ղարաբաղյան կարգավորման ևս մեկ «Մայնդորֆյան հռչակագիր» կկորզի Հայաստանից, որպեսզի Ադրբեջանին ցուցադրի իր աջակցությունը, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«Պարբերաբար հայտարարելով, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել առանց ղարաբաղյան հարցում արձանագրվող առաջխաղացումների, Թուրքիան ամենևին չի ձգտում Հայաստանի կողմից տարածքային որևէ զիջումների հասնել։ Նրան ընդամենն անհրաժեշտ է որևէ դեկլարատիվ փաստաթուղթ ընդունել՝ Ադրբեջանի առջև իր դեմքը պահպանելու համար»,- կարծում է փորձագետը։
2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր: Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Շաքարյանի կարծիքով, հակառակ դեպքում Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները:
«Եթե թուրքական խորհրդարանը մինչև մարտի վերջ կամ ծայրահեղ դեպքում մինչև ապրիլի կեսը չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը պետք է սկսի ստորագրությունները չեղյալ հայտարարելու գործընթացը»,- ասաց թուրքագետը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-