Կռունկը Հայաստանում «2010 թվականի թռչուն» է ճանաչվել «Հայաստանի թռչունների պաշտպանության միություն» (ASPB) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված հասարակական հարցման արդյունքում:
Հարցումն անցկացվել է «LOLO» մանկապատանեկան ամսագրի աջակցությամբ Երևանում, ինչպես նաև կարևոր թռչնային տարածքներին (Important Bird Areas) մոտ գտնվող բնակավայրերում: Մարզերում հարցման կազմակերպումն իրենց վրա են վերցրել IBA-պաշտպանները, ովքեր հետևում են նշված տարածքների վիճակին:
Հարցվողների ընդհանուր թիվը 1025 մարդ է կազմել: Կռունկի օգտին արտահայտվել է 481 մարդ, այսինքն՝ 47 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար քարարծիվն (297 ձայնով, կամ 29%) ու մկնաբազեն (184 ձայնով, կամ 18%):
Հայաստանում կռունկը չափազանց հազվադեպ թռչուն է: Նա բույն է դնում միայն հանրապետության հյուսիս և հյուսիս-արևմտյան շրջաններում: Պոպուլյացիայի վիճակը ճգնաժամային է. վերջին տվյալներով, այսօր Արփա լճի մերձակայքում այդ թռչուններից մնացել է 2-ից 6 զույգ:
«Կասկածի կարիք չկա, որ կռունկը ամենալուրջ ուշադրության ու խնամքի կարիք ունի,- նշեց կարևոր թռչնային տարածքների ASPB համակարգող Լյուբա Բալյանը:
Փորձագետի կարծիքով, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, մոտ ապագայում հայկական ֆաունան կարող է ընդհանրապես զրկվել փետրավորների այդ բացառիկ տեսակից:
Ձգտելով որքան հնարավոր է շատ կարևոր տեղեկատվություն հավաքել՝ թռչնաբաններն անընդհատ հետևում են կռունկներին: Ծրագրվում է օղակավորել հասուն թռչուններին, ինչպես նաև, նրանց ռադիոհաղորդիչներ ամրացնելով, իմանալ նրանց սեզոնային միգրացիայի ուղղությունները:
Տարվա թռչնի ընտրությունը շարունակեց ASPB կազմակերպության կողմից 2009թ.-ին հիմնած ավանդույթը: Այն ժամանակ տարվա թռչուն էր ընտրվել փետրավոր աշխարհի մեկ այլ հատկանշական ներկայացուցիչ բուն:
ASPB Հայաստանում BirdLife International միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է: -0-