Հայաստանում ամանորյա տոներն անցել են առանց արտառոց դեպքերի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ից 2010թ.-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրավիճակը հանգիստ է եղել: Երկրում արձանագրվել է մի քանի ավտովթար ու հրդեհ:
Ողջ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման ընդամենը մեկ դեպք, որի հետևանքով ՀՀ Արագածոտնի մարզում տուժել է 8-ամյա մի աղջնակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց հունվարի 3-ին: Ըստ բժիշկների, նրա վիճակը բավարար է:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 31-ին, ապա այդ օրը Շիրակի մարզում գրանցվել է մեկ թունավորում շմոլ գազից, որը բարեբախտաբար տուժածի համար բարեհաջող ավարտ է ունեցել, և նա նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից:
Միակ ողբերգական դեպքը, որը գրանցվել է ամանորյա օրերին, հունվարի 3-ին Ռուսաստանի քաղաքացի 43-ամյա Արթուր Վարդանյանի դիակի հայտնաբերումն էր Սևանա լճի թերակղզու մոտ՝ սերֆինգի դպրոցի մոտակայքում:
Ինչ վերաբերում է հրդեհներին, ապա հաշվետու ժամանակահատվածում մարդկային զոհեր չեն գրանցվել, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցված հրդեհների հետևանքով այրվել է մասնավոր խորդանոց և չոր խոտի պաշարներ, վագոն-տնակների փայտե կոնստրուկցիաներ, չգործող սրճարան, շինանյութերի պահեստում գտնվող լամինատ, ինչպես նաև բենզալցակայաններից մեկի պահեստում գտնվող վառելիքը:
Փրկարար ծառայության ամփոփագրում ներկայացված հրդեհների դեպքերի թվում կարելի է նշել Վանաձորի տարբեր փողոցներում մարված հրդեհները, որոնք գրանցվել են դեկտեմբերի 31-ին ժամը 19:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս փոքր միջադեպերի հետևանքով քաղաքում այրվել է 62 անվադող:
Հրդեհ է գրանցվել է նաև Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում, որտեղ այրվել են տեխնիկական ջրերի սառեցման աշտարակի փայտե կոնստրուկցիաները:
Հայաստանի մի շարք մարզերում մոլեգնած ուժեղ քամիների հետևանքով շենքերից տանիքներ են պոկվել, միաժամանակ ամենաշատը տուժել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող շենքերը, որտեղ պոկվել են Մարտունու քաղաքապետարանի, մանկապարտեզի, Մշակույթի տան, Կենտրոնական հիվանդանոցի, երեք կազմակերպությունների շենքերի, չորս բնակելի շենքերի, ինչպես նաև 18 մասնավոր տների տանիքները:
Ինչ վերաբերում է ճանապարհային իրավիճակին, ապա ավտովթարների հետևանքով գրանցվել են նաև մահվան դեպքեր: Մասնավորապես, հունվարի 1-ին ՀՀ Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Մահվան դեպք է գրանցվել նաև Գեղարքունիքի մարզում ուղևորատար ավտոմեքենայի և ավտոբուսի բախման հետևանքով, որի հետևանքով զոհվել է 52-ամյա մի կին: Մահվան դեպք է գրանցվել նաև Վայոց Ձորի մարզում, որտեղ ավտովթարի հետևանքով զոհվել է երեքամյա մի աղջնակ:
Բացի այդ Երևանում միմյանց են բախվել երկու տաքսի, տուժել է ոչ միայն վարորդը, այլև ուղևորուհին՝ երկու ամսական երեխայի հետ: Հիվանդանոցում տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ինչ վերաբերում է բնական աղետների հետ կապված արտակարգ իրավիճակներին, ապա Վայոց Ձորում ձնաբքի հետևանքով Սելիմի լեռնանցքում ձնակույտի մեջ է մնացել ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմին տեղափոխող ավտոմեքենան, ինչպես նաև՝ սեփական մեքենաներ և տաքսի:
Միաժամանակ հատկանշական է, որ ՀՀ Փրկարար ծառայության ամփոփագրի համաձայն, Հայաստանի Արմավիրի և Կոտայքի մարզերում ամանորյա տոների ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել:-0-