Հունվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններն անցել են խախտումներով, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը:
«Ես անձամբ քվեարկության ընթացքում օրենսդրական խախտումների ականատեսն եմ եղել», - հայտարարեց Թադևոսյանը՝ նշելով, որ դա անընդունելի է ժողովրդավարական պետության համար:
Թադևոսյանը տեղեկացրեց, որ ինքը ԿԸՀ դիմում է ներկայացրել երկու ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու առաջարկով, որտեղ, ըստ Թադևոսյանի, լուրջ խախտումներ են արձանագրվել: Թադևոսյանը նշեց, որ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս դա անել:
«Այդ ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների նախագահները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Թադևոսյանը:
Միաժամանակ նա ասաց, որ ընտրահանձնաժողովների անդամներն ու ընդդիմության վստահված անձինք ընտրատեղամասերում աշխատել են բավականին գրագետ և բարեխղճորեն:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ հունվարի 10-ին Երևանի 10-րդ ընտրատարածքում Հայաստանի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, ով հավաքել էր 7622 ձայն: Կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել էր ընտրություններին մասնակցած 13380 ընտրողներից 5053-ը: Երրորդ թեկնածուն՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, ստացել է 299 ձայն:
Լրացուցիչ ընտրությունները նշանակվել էին, երբ ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարել էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Այժմ ընթանում է Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը:
2008թ.-ի մարտի 1-2-ի անկարգությունների գործով ձերբակալված Փաշինյանի դատական գործընթացը սկսվել է հոկտեմբերի 20-ին:
Փաշինյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով: Նա մեղադրվում է 316-րդ հոդվածի առաջին մասի (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 225-րդ հոդվածի առաջին մասի (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Ընդդիմադիր թերթի խմբագրին է վերագրվում ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին և մի խումբ անձանց հետ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպումը։ Հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը հանձնվել է իրավապահ մարմիններին հուլիսի 1-ին:-0-