ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ.-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով, ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 22,8 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 29,8%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,2%-ը՝ ԵՄ երկրներին։
2009թ. հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կրճատվել է 14,1%-ով և կազմել 812,5 մլն ԱՄՆ դոլար։
Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 96,8 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 15,5%-ը)՝ 50,1%-ով կրճատվելով 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ։
Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 715,7 մլն դոլար՝ կրճատվելով 4,8%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 466,4 մլն դոլար (անկում 19,1 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 15,8%-ը։
2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 28,5% -ով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 3570,9 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 624 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 2946,8 մլն դոլար։ --0—