Ամանորյա տոների կապակցությամբ Երևանում խստացվել է ճանապարհային երթևեկության վերահսկողությունը
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը ուժեղացրել է Երևանում ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:
Նրա խոսքերով, վերահսկողությունը խստացվել է հանրապետության ողջ տարածքում, հատկապես՝ Երևանում:
«Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու կամ թույլատրված արագությունը գերազանցելու ոչ մի դեպք չի մնա անպատիժ, չնայած տոնական տրամադրությանը, քանի որ մեկ մարդու տոնը չպետք է դառնա ողբերգության պատճառ մեկ այլ մարդու համար», - ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը:
Միաժամանակ նա նշեց, որ ոստիկանությունը, հաշվի առնելով քաղաքացիների տոնական տրամադրությունը, ներողամիտ կլինի թեթև խախտումների, օրինակ՝ չամրացված ամրագոտիով մեքենա վարելու դեպքում:-0-