ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հրազդան քաղաքում ժամանակակից բուժկենտրոն է բացել:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Հրազդանի քաղաքապետ Արա Դանիելյանը:
«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի շնորհիվ՝ մենք այժմ բացում ենք ժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց, որը կտրուկ կբարձրացնի մարզում բուժծառայությունների որակն ու մատչելիությունը, առաջին հերթին՝ սոցիալապես անապահով խավերի համար», - լրագրողներին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Նա նշեց, որ Հրազդանում կենտրոնի բացումն իրականացվում է Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման ծրագրի շրջանակներում, և 2010 թ.-ի ընթացքում յոթ մարզում ևս կբացվեն նման ժամանակակից բուժկենտրոններ:
Նախարարը տեղեկացրեց, որ հիվանդանոցի վերականգնման և սարքավորումներով հագեցման ծրագիրն արժեցել է շուրջ 3 միլիոն դոլար:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Սահակյանն իր հերթին տեղեկացրեց, որ բուժկենտրոնը նախատեսված է 90 տեղի համար: Նա նշեց, որ Հրազդանում ժամանակակից բուժկենտրոնը կնվազեցնի Երևանի բուժհաստատություններ մարզից հիվանդների հոսքը, ինչպես նաև թույլ կտա ապահովել ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ Կոտայքի մարզի հանգստյան գոտիներն այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների բուժումը:-0-