Հայաստանն ու Լիբանանը ընդգծում են հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը

26.12.2009, 13:40
Հայաստանն ու Լիբանանը ընդգծում են հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը

Հայկական ու լիբանանական կողմերը ընդգծում են հայ-լիբանանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը: Այս մասին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ու Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նշեցին հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար: 

Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը:

Վարչապետ Հարիրին իր հերթին շնորրհակալություն հայտնեց պաշտոնական հրավերի համար և հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին կվերսկսվեն բարձի մակարդակի փոխայցելությունները:-0-