Հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել առանց միջնորդների, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
«Հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել առանց երրորդ կողմի, որն ավելի շատ խանգարում է այս գործընթացին, քան օգնում՝ միաժամանակ իր շահադիտական նպատակները հետապնդելով»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Շահնազարյանը։
Ըստ նրա, Հայաստանի իշխանություններն ամենասկզբից կոպիտ սխալ են թույլ տվել՝ կարծելով, թե գերտերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի օժանդակությամբ, հնարավոր կլինի ազդեցություն գործել Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և սահմանների բացման գործընթացում։
«Միացյալ Նահանգներն, ըստ էության, երբեք չի գնա մի քայլի, որն իր մեջ Թուրքիայի կորստի և տարածաշրջանում նոր հակառակորդի ի հայտ գալու սպառնալիքներ պարունակի։ ԱՄՆ-ն չի ցանկանա նոր Իրանի հայտնվելը տարածաշրջանում»,- ընդգծեց Շահնազարյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ իրականում ոչ թե ԱՄՆ-ն, այլ Թուրքիան է ազդեցություն թողնում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման հարցում, ինչի մասին, նրա խոսքերով, վկայում է Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ։
Միաժամանակ Շահնազարյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը միշտ ընդհանուր փաթեթում են եղել, և դրանց լուծումն առանձին-առանձին գործնականորեն անհնար է։
Այդ իսկ պատճառով, ինչպես կարծում է քաղաքագետը, հարաբերությունները կարող են բարելավվել միայն հայ-թուրքական նոր արձանագրությունների հիման վրա, որոնցում, մասնավորապես, կարտացոլվեն դրույթներն այն մասին, որ Թուրքիան թշնամաբար չի վերաբերվում Հայաստանին։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-