Արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կկանոնակարգվի

23.12.2009, 12:25
Արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կկանոնակարգվի

Արտերկրում Հայաստանի դեսպանատների և հյուպատոսությունների աշխատանքի մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև կանոնակարգման համակարգ կներդրվի Հայաստանում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ հարցը ներառված էր երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում:

«Այդ համակարգը թույլ կտա բարձրացնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունավետությունը, ունենալ նրանց աշխատանքի հստակ հայեցակարգը», - նշել է Բաղդասարյանը:

Նա ավելացրել է, որ համապատասխան իրավական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը:

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ նիստի ժամանակ նախագահը ներկայացրել է Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ յոթ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները, որոնք մասնավորապես վերաբերում են ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծմանը:-0-