Երիտասարդական կազմակերպությունները ՀՀ և ԼՂՀ իշխանություններից պահանջում են բնակեցնել Ղարաբաղի ազատագրված տարածքները

21.12.2009, 19:43
Երիտասարդական կազմակերպությունները ՀՀ և ԼՂՀ իշխանություններից պահանջում են բնակեցնել Ղարաբաղի ազատագրված տարածքները

Մի շարք հայկական երիտասարդական կազմակերպություններ ՀՀ և ԼՂՀ նախագահներին բաց նամակ են հղել՝ Ղարաբաղի ազատագրված տարածքները բնակեցնելու պահանջով:

Հայաստանի ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Հայք» ուսանողական-երիտասարական միությունը պահանջում են նաև ենթակառուցվածքներ ստեղծել այս շրջաններում տնտեսության զարգացման հնարավորություններ ստեղծելու համար:

«Մենք պահանջում ենք աջակցել Արցախյան պետականությունը ներկա սահմաններում միջազգային հանրության կողմից ճանաչելու գործընթացին՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալները Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային Ժողովի կողմից ԼՂՀ անկախության հետագա ճանաչման համար»,- ասված է նամակում:

Երիտասարդական կուսակցությունները կոչ են անում երկու երկրի ղեկավարներին միմյանց միջև կնքել միջազգային պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-