ՀԱՊԿ Հայաստանի գործընկերները չեն կարող առանձին երկկողմ համագործակցություն ունենալ Ադրբեջանի հետ, հայտարարեց ՀՀ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
«Մեր գործընկեր երկիրը չի կարող սերտ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը Հայաստանի նկատմամբ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով։ Սա ես հայտարարում եմ պաշտոնապես, որպես հանձնաժողովի նախագահ։ Մենք չպետք է բաց թողնենք հնարավորությունը և մշտապես խոսենք այդ մասին, քանի որ չենք նկատում, թե ինչպես են ՀԱՊԿ մեր գործընկերները համագործակցության առանձին համաձայնագրերի հասնում մեր հակառակորդի հետ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը։
1992 թվականի մայիսին հիմնված ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը կշտամբանքի արժանի է համարում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերդյուկովի գործողությունները, ով վերջին ժամանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ ստորագրեց 2010 թվականի ռազմական գործընկերության պայմանագիր և համատեղ այց կատարեց Լենինգրադի ռազմական շրջան։
Ինչպես կարծում է Կարապետյանը, նման վարքը հակասում է ՀԱՊԿ անդամ-երկրի վարքին և պայմանագրի էությանը։ -0-