Մեռելոց հիշատակության օրերը Հայաստանում ոչ աշխատանքային են լինելու

17.12.2009, 17:11
Մեռելոց հիշատակության օրերը Հայաստանում ոչ աշխատանքային են լինելու

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու գլխավոր Տերունական տոներից յուրաքանչյուրին հաջորդող օրերը 2010 թ.-ին ոչ աշխատանքային են լինելու:   

«Այս նախագիծն ավանդական է, սակայն այն որոշ փոփոխությունների է ենթարկվել»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հինգշաբթի Սարդարապատում կառավարության արտագնա նիստի ժամանակ:   

Այս առնչությամբ նա պարզաբանեց, որ եթե նախկինում ոչ աշխատանքային երկուշաբթիի փոխարեն աշխատանքային օր էր հայտարարվում նախորդող շաբաթ օրը, ապա այսուհետ աշխատանքային օր կլինի հաջորդող շաբաթ օրը:

Կառավարության որոշման համաձայն՝ 2010 թ.-ի ապրիլի 5-ի, հուլիսի 12-ի, օգոստոսի 16-ի և սեպտեմբերի 13-ի աշխատանքային երկուշաբթիները կտեղափոխվեն, համապատասխանաբար, ապրիլի 10-ի, հուլիսի 17-ի, օգոստոսի 21-ի և սեպտեմբերի 18-ի շաբաթ օրեր:

Մեռելոց հիշատակության օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներից յուրաքանչյուրին։

Մեռելոց հիշատակի օրը ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։-0-