ՀՀ իրավապահ մարմիններն անգործության են մատնված. ընդդիմադիր գործիչ
Հայաստանի իրավապահ մարմինները անգործության են մատնված նախորդ տարվա մարտի 1-2-ի մանրամասների և տասը մարդում մահվան պատճառների բացահայտման հարցում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն, ով իր վրա է վերցրել զոհվածների ընտանիքների շահերի պաշտպանությունը։
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։
«Ես Գլխավոր դատախազություն եմ դիմել դեկտեմբերի 10-ին հետաքննության գործընթացն արագացնելու խնդրանքով և պետք է պատասխան ստանայի եռօրյա ժամկետում, սակայն առայսօր պատասխան չեմ ստացել»,- ասաց Զեյնալյանը։
Ըստ նրա, դա համապատասխան մարմինների՝ մարտյան գործով զբաղվել չցանկանալու ևս մեկ ապացույց է։
«Մենք ունենք բոլոր հիմքերը կարծելու, որ տասը մարդ դիտավորությամբ է սպանվել։ Եվ մենք կշարունակենք պայքարը դատարանում, այնուհետև միջազգային ատյաններում ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց իրավապաշտպանը։ -0-

