Հնդկաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վերանորոգված դահլիճի հանդիսավոր վերաբացմանը

16.12.2009, 16:32
Հնդկաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վերանորոգված դահլիճի հանդիսավոր վերաբացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը մասնակցել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վերանորոգված դահլիճի հանդիսավոր վերաբացմանը և Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված հանդիսությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը եռօրյա այցով է մեկնել Արևմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաք Կալկաթա:

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հնդկահայ համայնքի ներկայացուցիչների և Արևմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դևանանդ Կոնվարի ու գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանն արդեն հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ մայր եկեղեցու խորհրդի ատենապետ Մայքլ Դաթի, խորհրդի ավագ անդամ Սունիլ Սոբթիի, Հնդկահայոց հոգևոր հովիվ ու Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի և համայնքի այլ ներկայացուցիչների հետ: —0--