Հայկական Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է հանրահավաք և բողոքի այլ ակցիաներ անցկացնել ՀՀ Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկման նախաշեմին, երկուշաբթի Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը կսկսի հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը հունվարի 12-ին:
«Չնայած մենք հասկանում ենք, որ հաշվի առնելով հետտոնական տրամադրությունները՝ մեզ շատերը չեն միանա, բայց, կարծում եմ, սա այնքան կարևոր հարց է, որ ժողովուրդը պետք է ակտիվություն ցուցաբերի»,- նշեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ կուսակցության ու իրենց համախոհների գլխավոր նպատակը տվյալ պահին խորհրդարանում արձանագրությունների վավերացման տապալումն է, ինչի համար կուսակցությունը կանի ամեն հնարավոր բան: «Ես բարձր եմ գնահատում մեր հաջողության հավանականությունը»,- հավելեց պատգամավորը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների ակտիվ քաղաքականությունը սպասված արդյունքներ չտվեց: «Իշխանությունների վրա ճնշումը դրսից շարունակվում է: Սակայն եթե նախագահը որոշում ընդունի տեղի չտալ այդ ճնշումներին և գործել հայ ժողովրդի ազգային շահերին համապատասխան, ապա միշտ էլ հնարավոր է գտնել հետադարձ ուղին»,- ասաց Հովհաննիսյանը:
Մասնավորապես նա նշեց, որ Սահմանադրական դատարանում արձանագրությունները կարելի է անօրինական ճանաչել: «Բացի այդ, գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ օրենսդիրներն ազատ են իրենց որոշման մեջ: Վստահ եմ, որ Ազգային Ժողովում ազատ քվեարկության դեպքում արձանագրությունները չեն վավերացվի»,- հավելեց պատգամավորը: --0--