ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան՝ կնքված հոկտեմբերի 19-ին Փարիզում:
«Կոնվենցիայի նպատակն է սպորտում դոպինգի գործածման կանխարգելման աջակցումը և դրա դեմ պայքարը` այդ երևույթն արմատախիլ անելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռազմավարության ու գործունեության ծրագրի շրջանակներում»,- հինգշաբթի ասաց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2005 թ.-ի հոկտեմբերի 19-ին Փարիզում` գիտության, կրթության ու մշակույթի հարցերի ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում:
Նպատակին հասնելու համար Կոնվենցիայի անդամ-պետությունները պարտավոր են` ազգային և միջազգային մակարդակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել Օրենսգրքի սկզբունքներին համաձայն, խթանել մարզիկների պաշտպանության ապահովմանն ուղղված միջազգային համագործակցության բոլոր ձևերը, հետևել սպորտում էթիկայի սկզբունքներին և համատեղ օգտագործել հետազոտությունների արդյունքները, նպաստել սպորտում դոպինգի դեմ պայքարի ոլորտում առաջատար կազմակերպությունների ու անդամ-պետությունների միջև միջազգային համագործակցությանը, մասնավորապես, Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության հետ: --0--