Հայաստանը շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. նախագահ
Հայաստանը շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ, երկուշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների զուսպ և հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:
Իր հերթին Անվար Գարգաշն, ընդգծելով քաղաքական ու տնտեսական ոլորտում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԱՄԷ շահագրգռությունը, իր հայաստանյան այցը և այստեղ ունեցած քննարկումները գնահատել է հաջողված:
Հիշելով, որ այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, պետնախարարն ասել է, որ իրենք երբեք չեն մոռանա այդ ողբերգական օրը, և իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին:
Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել բազմաբնույթ փոխգործակցության, համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:-0-

