Հայաստանի նախագահը փաստորեն համաձայնել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում. «168 ժամ»

07.12.2009, 11:19
Հայաստանի նախագահը փաստորեն համաձայնել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում. «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստորեն համաձայնել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, գրում է «168 ժամ» թերթը՝ հղում անելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին։

Վերջին օրերին Աթենքում ընդունված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ ընդունել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այսպիսով ձախողվում են մեր դիվանագետների բոլոր ջանքերը, քանի որ նախկինում Հայաստանի բոլոր կառույցներն ունեցել են հստակ հրահանգ՝ թույլ չտալ, որպեսզի տարածքային ամբողջականության որևէ դրույթ ընդգրկվի միջազգային փաստաթղթերում, գրում է թերթը։

«Լեռնային Ղարաբաղի անկախության ապահովման միջազգային ամենակարևոր մեխանիզմը կարելի է համարել փլուզված։ Հայաստանն ընդունել է, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշել է Զուրաբյանը։ -0-