Հայ-թուրքական սահմանի բացումը պայմաններ կստեղծի միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասը որպես տնտեսապես կայուն տարածաշրջան դիտելու համար, կարծում է «Ջավախք» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
«Առանձին վերցրած ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը հետաքրքրություն չեն ներկայացնում միջազգային ներդրողների համար։ Միջազգային հանրությունը Հարավկովկասյան տարածաշրջանը դիտարկում է որպես մեկ միասնական տարածաշրջան»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թորոսյանը։
Ըստ նրա, երբ հարավկովկասյան տարածաշրջանի երկրները միմյանց միջև արդյունավետ տնտեսական կապեր ստեղծեն, բոլորը միայն կշահեն դրանից։
«Միջազգային ներդրողները կներդնեն ոչ թե տարածաշրջանի առանձին երկրներում, ինչը տնտեսապես ձեռնտու չէ, այլ տարածաշրջանում ընդհանրապես՝ հասկանալով, որ այն տնտեսական միասնական խաղացող է և իրացման մասնական շուկա»,- պարզաբանեց Թորոսյանը։
Պատգամավորը վստահ է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հնարավորություն կստեղծվի տարածաշրջանային պետությունների առկա հակամարտությունների լուծման և մաքսային և հարկային օրենսդրությունների ներդաշնակեցման համար։
«Այդ դեպքում Հարավային Կովկասի պետություններն էապես կշահեն իրենց ժողովուրդների բարեկացության առումով»,- ընդգծեց Թորոսյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: -0-