ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի հայկական ընկերությունը բարեհաջող է գնահատում «Երիտասարդությունը թրաֆիքինգի դեմ» ծրագրի իրականացումը, ասաց ԿԽՀԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
«Ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են Հայաստանի 7 մարզերն ու Երևանը, ընթացիկ տարվա օգոստոսից նոյեմբեր բարեհաջող կերպով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ Հայաստանում UNDP-ի ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում 30 մարդուց բաղկացած ուսուցանող-խորհրդատուների խումբ է ստեղծվել թրաֆիքինգի խնդիրների մասին բնակչության իրազեկումը մեծացնելու նպատակով։
Իր հերթին ԿԽՀԸ՝ բնակչության տեղաշարժի հարցերով պատասխանատու ներկայացուցիչ Հայկ Հայրապետյանն ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը տվյալ ոլորտում բնակչության իրազեկության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերին օգնություն ցուցաբերելը։
Նրա խոսքերով՝ խորհրդականների խումբը շարունակելու է սկսած աշխատանքները, ինչպես նաև վերամշակել ու ճիշտ ներկայացնել նյութերը նմանատիպ խնդիրների շուրջ։
«Տվյալ անհրաժեշտությունը ծագել է մամուլում և հեռուստատեսությամբ բավականին հաճախ ներկայացվող անորակ նյութերի արդյունքում, որոնք իրենց անտեղյակության բերումով չեն ծառայում այն նպատակին, որին ուղղված են և ունենում են ուղղակիորեն հակառակ ազդեցությունը»,- ընդգծեց նա։
Իր հերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Էլեոնորա Վիրապյանն ընդգծեց պետական կառույցների փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը թրաֆիքինգի դեմ պայքարում։
«Արդեն մեկ տարի է, ինչ նախարարությունը ԵԱՀԿ-ի հետ համատեղ բարեհաջող կերպով իրականացնում է թրաֆիքինգի զոհերի վերականգնմանն ուղղված ծրագիրը և մեծ արդյունավետության համար անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցությունն այդ ոլորտում»,- ասաց նա։
Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 2-ին։ 1949 թ.-ի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Երրորդ անձանց կողմից մարմնավաճառության չարաշահման և մարդկանց առևտրի դեմ պայքարի մասին» կոնվենցիա ընդունեց։ -0-