ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը զիջումների կգնա ղարաբաղյան հարցում», - երեքշաբթի լրագրողներին ասաց Արզումանյանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Արզումանյանի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի մյունխենյան վերջին հանդիպումը (նոյեմբերի 22) ցույց տվեց, որ «ամեն դեպքում բանավոր պայմանավորվածություն կա ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ, որը հիմնված է հանրությանը ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչը նախատեսում է Ադրբեջանին վերահսկվող յոթ շրջանների վերադարձ»:
«Հակամարտությունները պատմության մեջ երբեք չեն լուծվել փաթեթային սկզբունքի հիման վրա, քանի որ դա գրեթե անհնար է: Մադրիդյան սկզբունքները ևս փուլային գործընթաց են նախատեսում: Միաժամանակ վերահսկվող տարածքների վերադարձի մասին դրույթից բացի հայկական կողմի շահերին հակասում է նաև ազատ կամարտահայտության մասին դրույթը», - ասաց նա:
Արզումանյանի խոսքերով՝ այդ սկզբունքում օգտագործվում է «կամարտահայտություն» մեղմասությունը «հանրաքվե» բառի փոխարեն, ինչն այնքան վտանգավոր է, որքան վերահսկվող տարածքների վերադարձը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-