ԵՄ-ն փակում է աչքերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրացական իշխանությունների կողմից տարվող խտրական քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն փակում է աչքերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրացական իշխանությունների կողմից տարվող խտրական քաղաքականության վրա, ասվում է Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին ուղղված բաց նամակում։
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Վրաստանի հայ բնակչությունը և, հատկապես, երկրի հարավ-արևմտյան շրջաններում համախումբ բնակվող նրա հատվածը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, կրթամշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից, այն իրավունքների, որոնք երաշխավորված են Վրաստանի կողմից ստանձնած ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պարտավորություններով:
Փաստաթղթում ընդգծվում է, որ հայ բնակչությունը ոչ համաչափ կամ գրեթե չի ներկայացված իր համախումբ բնակության շրջանների կառավարման և վարչական մարմիններում, վրացական իշխանությունները օրենսդրական և վարչական իմպերատիվ միջոցներով պարտադրում են փոքրամասնություններին իրենց համախումբ բնակության շրջաններում հանրային գործունեության բոլոր ոլորտներում օգտագործել բացառապես վրացերենը, թեև առարկայական հանգամանքների բերումով ջավախահայության գերակշիռ հատվածը գրեթե չի տիրապետում տիտղոսակիր ազգի լեզվին։
Բացի այդ, «Երկիր» միությունը հիշեցնում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի որևէ իրավաբանական կարգավիճակ, և վրացական իշխանությունները չեն վերադարձնում նրան խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները:
Նամակում նշվում է, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորումներին արդեն իսկ անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Այսպես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 16-ին իր ընդունած հանձնարարականներում առաջարկել է վրացական իշխանություններին քայլեր ձեռնարկել կրոնի ազատությունն ու հավասարությունը ապահովելու ուղղությամբ: Վրացական իշխանությունների վրա պարտավորություն դրվեց լուծում տալ խորհրդային իշխանության տարիներին կրոնական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական շենքերը և ունեցվածքը հետ վերադարձնելու խնդրին: Կոմիտեն, շեշտելով փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, առաջարկեց վրացական իշխանություններին քայլեր ձեռնարկել լեզվական հիմքի վրա խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Կոմիտեն առաջարկեց քննել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում և վարչարարության մեջ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը, ինչպես նաև ձեռնարկել բոլոր նպատակահարմար միջոցները փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով:
«Վրաստանի կողմից Ազգային Փոքրամասնությունների Պաշտպանության Եվրոպական Շրջանակային Կոնվենցիայի իրագործման լուրջ բացթողումներ է արձանագրում Եվրախորհրդի Խորհրդակցական Կոմիտեն 2009թ. գարնանը պատրաստած իր զեկույցում: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ վրացական իշխանությունները պետք է երաշխավորեն, որ վրացերենի ներդրման իրենց քաղաքականությունը չի վտանգում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը: Եվրախորհրդի փորձագետները, նշելով, որ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի քաղաքական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական կյանքին սահմանափակ է, առաջարկում են վերացնել այդ խնդրում առկա օրենսդրական և գործնական խոչընդոտները»,- նշվում է ուղերձում։
«Երկիր» միությունից նշում են նաև, որ 2009թ. սեպտեմբերի 1-ին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձ կատարում վիրահայությանն ու ջավախահայությանը հուզող խնդիրներին՝ նշելով, մասնավորապես, որ Ջավախքի նկատմամբ վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից, իսկ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը:
«Սակայն վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հանձնարարականները, ջավախահայության նկատմամբ շարունակում են խտրական քաղաքականություն իրականացնել: Ավելին, վերջին շրջանում այդ քաղաքականությունն ընդունեց ջավախահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ուժային կառույցների եւ դատաիրավական համակարգի կողմից իրականացվող հալածանքների բնույթ: 2007-09 թվականների ընթացքում ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների արդյունքում իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախահայ քաղաքական ակտիվիստներ. շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցվեցին, ոմանք «գնեցին» ազատությունը իրենց մեղսագրվող «հանցագործությունները» ընդունելու դիմաց, ոմանց, անգամ, հեռակա կարգով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման»,- ասվում է բաց նամակում։
«Երկիր» Միությունից ընդգծեցին, որ Վրաստանը ընդգրկված է Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» և «Արևելյան գործընկերության» ծրագրերում և դրանց շրջանակներում ստանում է շոշափելի ֆինանսական օգնություն` դրա հետ մեկտեղ բացահայտորեն ոտնահարելով մարդու և փոքրամասնությունների պաշտպանության տարրական նորմերը:
«Նման պայմաններում Եվրամիությունը, շարունակելով համառորեն արհամարհել առկա խնդիրները, փաստացի արտոնում է Վրաստանի իշխանություններին շարունակելու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, արտոնում է հայաբնակ շրջաններում ոստիկանական հալածանքների նոր դրսևորումները, արտոնում է վրացական իշխանությունների նոր անպատասխանատու քայլերը, որոնք միմիայն օր օրի ավելի են խորացնում Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի, հիասթափության և օտարման տրամադրությունները: Դրանով Եվրամիությունը կամա թե ակամա դառնում է վրացական իշխանությունների մեղսակիցը` կիսելով իրավիճակի հնարավոր բարդացման համար պատասխանատվությունը»,- նշվում է նամակում։
Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա՝ «Երկիր» միությունը կոչ է անում ԵՄ հատուկ ներկայացուցչին տվյալ խնդրում որդեգրել ավելի վճռական և գործուն դիրքորոշում՝ փորձելով «բացատրել» վրացական իշխանություններին, որ իրենց երկրի հայ քաղաքացիների հետ ուժի, ոստիկանական հալածանքների և իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի, և միայն մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրական ճանաչման, պահպանման և իրականացման, ինչպես նաև ժողովրդավարական ընթացակարգերի գործնական ներդրման միջոցով է հնարավոր կայուն երաշխիքներ ստեղծել երկրի զարգացման համար:
«Միայն սկզբունքային կեցվածք դրսևորելու միջոցով է հնարավոր իրապես օգնել վրացական իշխանություններին երկրում հաստատել գործող ժողովրդավարական համակարգ, ինչը իրական կայունության երաշխիք կդառնա ո'չ միայն Վրաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- ասվում է նամակում։ -0-