ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արարատ» ապրանքանիշը թողարկել է «Լեգենդներն այսօր» շարքը՝ հայկական լեգենդների ժամանակակից մեկնաբանությունը:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի օգնական Զարուհի Սարիբեկյանը, շարքի առաջին ֆիլմը «Ախթամար» լեգենդի էկրանավորումն է, որի պրեմիերան մեծ հաջողությամբ նախօրեին անցավ Մոսկվայում:
Նրա խոսքով՝ «Ախթամար» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն «Լեգենդներն այսօր» շարքի առաջին նախագիծն է, որով Արարատ կոնյակի ապրանքանիշը սկսում է հինավուրց հայկական լեգենդների վերածնունդը ժամանակակից մեկնաբանությամբ:
«Ֆիլմի ստեղծողներ Շամմասյան եղբայրները (երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում Կաննի առյուծների մրցանակակիրներ) 15 րոպե էկրանային ժամանակում տեղավորել են սիրո, լեգենդի դարավոր իմաստության ու մարդու հավիտենական հույզերի երեք պատմություն: Հին հայկական լեգենդին նոր հայացք է ապահովել կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանի և ռուսական ժամանակակից էկրանի երիտասարդ դերասաններ Գրիգորի Դոբրիգինի ու Ռավշանա Կուրկովայի տանդեմը»,- հայտնեց Սարիբեկյանը:
Նրա խոսքով՝ ծեր տաքսիստի պատմության մեջ, որին մարմնավորել է Արմեն Ջիգարխանյանը, օտար ուղևորի առաջ իրականություն է դառնում Թամար արքայադստեր մասին հինավուրց լեգենդը:
Կրքով, գեղեցկությամբ, ողբերգությամբ հագեցած այս պատմությունը հատկապես շեշտակի է հնչում մի մարդու շուրթերից, որն ապրել է իր սեփական դրաման և ով կյանքի մեծ փորձ ունի:
Կօգնի՞, արդյոք, Թամար արքայադստեր պատմությունը պատանում ճիշտ ուղի ընտրել ընտրության խաչմերուկում: Կհասնի՞ նա, արդյոք, իր սիրելիին: «Միշտ սրտին լսեք»,- հնարավոր է այս խոսքերը պատանուն իր սիրելիի մոտ բերեն:
Հերոսների սպրումները ստիպում են ավելի խորը վերապրել Ջիվան Գասպարյանի դուդուկի պարտիաները, որոնք ուղեկցում են ֆիլմը՝ օգնելով հանդիսատեսին լցվել լեգենդի խորությամբ:
Նախագծի հեղինակները հավաստում են, որ «Լեգենդներն այսօր» շարքը շարունակելի է:
«Իր գեղագիտական առաքելությունից բացի այս նախագիծը նպատակ ունի գլոբալ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը ոչ հայկական լսարանի առջև»,- ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
Փոլ և Լյուդվիգ Շամմասյանները կինոգիտության բակալավրի աստիճան են ստացել՝ գերազանցությամբ ավարտելով Metropolitan University-ին: Այնուհետև նրանք համատեղ կարիերա են սկսել՝ ձևավորելով The Shammasian Brothers ընկերությունը: Վերջին տարիներին տաղանդաշատ ռեժիսորները մի քանի հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիրներ են դարձել:
«Մենք ծագումով հայ ենք և ազատ խոսում ենք հայերեն: Ճանապարհորդությունը Հայաստանում այս նախագծի շրջանակներում հատկապես հիշարժան էր, քանի որ մեր առաջին այցն էր նախնիների հայրենիք: Մանկուց մենք շատ բան ենք լսել այս հիասքանչ երկրի մասին, բայց պատմություններ լսել և լինել անմիջապես այնտեղ՝ երկու միանգամայն տարբեր բաներ են: Հենց այդ պատճառով էլ բուն նկարահանումը նման արտակարգ իրադարձություն դարձավ»,- ասում են «Ախթամարի» ստեղծողները: -0-