Կիրակի Երևանում կկայանա Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմի պրեմիերան

27.11.2009, 16:56
Կիրակի Երևանում կկայանա Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմի պրեմիերան
Կիրակի Երևանում կկայանա Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմի պրեմիերան

Ֆրանսիական դիմադրության լեգենդար հերոս Միսաք Մանուշյանի մասին պատմող՝ հայազգի ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 29-ին կկայանա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:  

«Իմ ֆիլմերի հիմքում միշտ հերոսական անհատականությունների, ոգով հեղափոխականների պատմություններ են ընկած, ովքեր չեն վախենում բարձրաձայն հայտարարել իրենց համար անընդունելի երևույթների դեմ ունեցած բողոքը»,- Երևանում լրագրողներին ասաց Գեդիկյանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Ֆրանսիայի պատմության ամենավառ դրվագների մասին պատմող «Հանցագործների բանակ» ֆիլմը, որը ռեժիսորի նոր աշխատանքն է, հաստատում է նրա խոսքերը:

Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է այն մասին, թե ինչպես մի խումբ երիտասարդ հայրենասերներ՝ Միսաք Մանուշյանի գլխավորությամբ, ակտիվ պայքար են մղել նացիստների դեմ և բռնվել զավթիչների կողմից ու դաժան կտտանքներից հետո մահապատժի ենթարկվել: Ռեժիսորի խոսքերով, այս պատմությունը մինչ այսօր շատ տարածված է Ֆրանսիայում:

«Խմբի անդամների լուսանկարները՝ նրանց անուններով ու ազգանուններով, փակցվել են «Կարմիր պաստառի» վրա և ներկայացվել որպես «հանցագործների բանակ», ինչն էլ արդյունքում դարձել է ֆիլմի անվանումը»,- ասաց ռեժիսորը:   

Գեդիկյանի խոսքերով, ֆիլմի առավել հատկանշական ու հուզիչ պահերից մեկը Մանուշյանի նամակի դրվագն է՝ հասցեագրված կնոջն ու գրված մահապատժից ընդամենը մի ժամ առաջ: Նամակում Մանուշյանը գրում է այն մասին, որ ատելություն չի զգում գերմանացի ժողովրդի հանդեպ:

Ռեժիսորի խոսքով, այս բառերն իր համար հատուկ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն, որ նա մոր կողմից գերմանացի է:

Ինչպես նշեց ռեժիսորը, ֆիլմի ցուցադրությունը ոչ մի կերպ կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի առնչությամբ Հայաստանում տեղի ունեցող վերջին արտաքին քաղաքական փոփոխությունների հետ:

«Իմ ֆիլմը ավելի շուտ գործի անցնելու կոչ է և ոչ մի կերպ կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ»,- ասաց ռեժիսորը: Միևնույն ժամանակ, ռեժիսորը հայտարարեց, որ ինքը դրական է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման միտումը:
 
«Կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը միայն կնպաստի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,- նշեց Գեդիկյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան սեպտեմբերին կայացավ Կաննի միջազգային կինոփառատոնին: Միսաք Մանուշյանի դերը կատարել է հայազգի ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանը:

Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադյաման գյուղում գյուղացի-այգեգործների ընտանիքում: Ծնողները զոհվել են 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ:

1925 թ.-ին ուսումնառությունն ավարտելուց հետո տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ 1932-37 թթ.-ին զբաղվում է առաջադիմական ամսագրերի խմբագրությամբ:

Այստեղ էլ 1933 թ.-ին Մանուշյանը համալրում է Ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը: Փորձում է ուժերը բանաստեղծության ոլորտում:  

Գերմանացիների՝ Ֆրանսիա ներխուժելու առաջին օրերից Մանուշյանը ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական դիմադրության շարժմանը «Ազատ հրաձիգների և ֆրանսիացի պարտիզանների» շարքերում:

1943 թ.-ի մարտին նրան նշանակում են «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, շուտով դառնում է «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու նրա արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատար:

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում ու պատվում են որպես ֆաշիզմի դեմ պայքարի ամենաակտիվ ու անվախ մարտիկի: 1946 թ.-ին Փարիզում լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը շուտով թարգմանվեց ու հրատարակվեց Հայաստանում:

Մանուշյանը հետմահու պարգևատրվել է «Պատվո լեգեոնի» ֆրանսիական շքանշանով, ի նշան երախտագիտության ու հիացմունքի նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը: -0-