Հայաստանին պատերազմի սպառնալիքով չես վախեցնի. պատգամավոր

26.11.2009, 20:00
Հայաստանին պատերազմի սպառնալիքով չես վախեցնի. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին պատերազմի սպառնալիքով չես վախեցնի, հինգշաբթի հայտարարեց եվրաինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիաս Բատայի և Ռոլանդ Բլյումի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ պատերազմով հնարավոր չէ վախեցնել»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի  հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները։

Ինչպես հայտնում է խորհրդարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, Զոհրաբյանը մեկ անգամ ևս հաստատել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ, բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի գործընկերներն անդրադարձան ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը և դրա որոշ ծրագրերին միանալու  ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը: Սա լավ հիմք է տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել է Զոհրաբյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-