Հայաստանում 2009թ.-ի տասն ամսվա ընթացքում երկքաղաքացիություն է ստացել 3514 մարդ. ՀՀ սփյուռքի նախարար

26.11.2009, 14:48
Հայաստանում 2009թ.-ի տասն ամսվա ընթացքում երկքաղաքացիություն է ստացել 3514 մարդ. ՀՀ սփյուռքի նախարար
Հայաստանում 2009թ.-ի տասն ամսվա ընթացքում երկքաղաքացիություն է ստացել 3514 մարդ. ՀՀ սփյուռքի նախարար

Հայաստանում 2009թ.-ի տասն ամսվա ընթացքում երկքաղաքացիություն է ստացել 3514 մարդ՝ համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու պահից 2008 թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին երկքաղաքացիություն ստացած 1350 մարդու փոխարեն, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Դա վկայում է երկքաղաքացիություն ստանալու գործընթացի աստիճանական ակտիվացման մասին», - ասաց նա հինգշաբթի կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Հակոբյանի խոսքերով, քննարկման փուլում գտնվող մի շարք հարցեր ճշտելուց հետո երկքաղաքացիություն ստանալու գործընթացն էլ ավելի կդյուրացվի:

Նա նաև տեղեկացրեց, որ ավելի շատ Հայաստանի քաղաքացիություն են ստանում միջին և ավագ տարիքի մարդիկ, ընդ որում հավասարաչափ՝ և կանայք, և տղամարդիկ:

Նախարարն ասաց, որ հիմնականում երկքաղաքացիություն ցանկանում են ստանալ վերջին 18 տարվա ընթացքում Հայաստանի հետ քիչ թե շատ սերտ կապեր ունեցող մարդիկ:

«Բացի այդ, մարդկանց այդ թվին են պատկանում բոլոր համահայկական կառույցների ղեկավարության ներկայացուցիչները՝ սփյուռքի ակտիվիստները, ովքեր երկար ժամանակ զբաղվել են հայապահպանության հարցերով», - ասաց նա՝ ավելացնելով, որ նրանք գրեթե բոլորն արդեն ստացել են հայկական անձնագրեր:

Հակոբյանի խոսքերով, երկքաղաքացիություն ակտիվորեն ընդունում է նաև հոգևորականությունը: Նա նշեց, որ կան դեպքեր, երբ մարդիկ, ովքեր երբեք չեն այցելել Հայաստան, երազում են ստանալ հայկական անձնագիր:

ՀՀ սփյուռքի նախարարը պարզաբանեց, որ երկքաղաքացիություն ստանալու համար ամենաքիչը դիմում են 20-27 տարեկան անձինք, քանի որ այդ դեպքում զինծառայության հետ կապված խնդիրներ են առաջանում:

«Օրենքը թույլ է տալիս հայկական բանակում ծառայությունից ազատել այն անձանց, ովքեր զինվորական ծառայություն են անցել ցանկացած այլ երկրում, և հակառակը՝ եթե նրանք ոչ մի տեղ չեն ծառայել, ապա ՀՀ քաղաքացի դառնալուց անմիջապես հետո նրանք պարտավոր են ծառայել բանակում», - ասաց Հակոբյանը:

Համաձայն օրենսդրության՝ ՀՀ քաղաքացին կարող է ստանալ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության կորստի: Երկքաղաքացիություն ունեցող և հաշվառման կանգնած մարդիկ հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի տարածքում անցկացվող ընտրություններին: Երկքաղաքացիություն չեն կարող ստանալ երկրի նախագահը, ԱԺ պատգամավորները և Սահմանադրական դատարանի անդամները: Այս սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության անդամների վրա:-0-