«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանին չորեքշաբթի ձերբակալել են հաստատություն թմրանյութեր անցկացնելու պահին, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Բարսեղյանին բռնել են ԱԱԾ մարմինների կողմից իրականցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
«Անձնական խուզարկության ընթացքում Բարսեղյանի համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել և առգրավվել է 1 գրամ «Հերոին», 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց և 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, որոնք Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին»,- նշեցին մամուլի կենտրոնից:
«Պարզվել է, որ Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:-0-