ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի հայ-կրասնոդարական գործարար համաժողով է անցկացվել:
Համաժողովի նպատակը էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, ինչպես նաև մշակույթի և առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի քննարկումն էր:
«Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա ինը ամիսների ընթացքում կազմել է 13,5 միլիոն դոլար, որն այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, մենք ավելի լավ տարիներ ենք ունեցել, երբ 2007 և 2008 թթ.-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 36 միլիոն և 40 միլիոն դոլար», - լրագրողներին ասել է Կրասնոդարի երկրամասի արտաքին-տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավար, Կրասնոդարի երկրամասի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Տկաչենկոն:
Սակայն նրա խոսքերով՝ Հայաստանն ու Կրասնոդարի երկրամասը ներուժ ունեն նախորդ տարիների ապրանքաշրջանառության ցուցանիշներին վերադառնալու և կայուն առաջ շարժվելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր հերթին ասել է, որ տարվա ընթացքում հայկական պատվիրակությունը կայցելի Կրասնոդարի երկրամաս, որտեղ բնակվում է բազմամարդ հայկական համայնք, որը մեծ ներդրում է կատարել երկրամասի զարգացման գործում:
Համաժողովի ընթացքում կարծիքներ և տեղեկատվություն է փոխանակվել տեղեկատվական բիզնես-կենտրոնի ստեղծման շուրջ՝ Կրասնոդարի երկրամասի հետ համագործակցության ներուժն առավելագույնս օգտագործելու համար:
Համաժողովի մասնակիցները կարևորել են Հայաստանի մարզերի և Ռուսաստանի տարբեր շրջանների միջև համագործակցության խորացումը, քանի որ նման համագործակցությունն առավել արդյունավետ է:-0-