ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական պատվիրակությունը կմասնակցի Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ICCROM-ի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի հրավերով ՀՀ պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ICCROM-ում Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, փորձագետ, ՀՀ գլխավոր ճարտարապետ, պատվիրակության անդամ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ մեկնելու է Իտալիա` մասնակցելու նոյեմբերի 25-27-ը Հռոմում կայանալիք ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին:
Նիստի ընթացքում քննարկվելու են ICCROM-ի 2010-2011 թվականների ծրագիրը և բյուջեն:
Հայաստանի Հանրապետությունը ICCROM-ին` Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնին անդամակցում է 2004 թ. մայիսի 5-ից: -0-