ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, հնարավոր է, հանդիպի իր թուրք գործընկեր Մահմեդ Ալի Շահինին, հայտնեց ՀՀ խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը:
«Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը հնարավոր է: ՀՀ ԱԺ նախագահն այժմ Մոսկվայում է ՍԾՏՀ Խորհրդարանական Վեհաժողովի նիստին մասնակցելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Պետրոսյանը:
1992 թ.-ին ստեղծված ՍԾՏՀ-ի անդամներն են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, Ֆրանսիան, Եվրոպական էներգետիկ խարտիայի համադաշնությունն ու Միջազգային սևծովյան ակումբը:
Կազմակերպությունը ստեղծվել է առևտրատնտեսական ոլորտում, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում Սևծովյան ավազանին մոտ գտնվող երկրների միջև բազմակողմ համագործակցություն հաստատելու համար: Կազմակերպության գործունեության բաղկացուցիչներից մեկը ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է:-0-