Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը համարում են կառուցողական, ասվում է երկուշաբթի ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված համանախագահների հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2009 թ.-ի նոյեմբերի 22-ին Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) նախաձեռնությամբ: Բանակցություններին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Այս տարվա ընթացքում վեցերորդ հանդիպման ընթացքում երկու նախագահները մանրամասն քննարկել են համանախագահների առաջարկությունների կարևորագույն և չլուծված կետերը: Գրեթե չորս ժամ տևած բանակցությունները կառուցողական էին: Որոշ հարցերում առաջընթաց է արձանագրվել: Միաժամանակ որոշ հարցեր դեռևս բաց են մնում», - «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է համանախագահների հայտարարությունը:
Փաստաթղթում նշվում է, որ նախագահները հանձնարարել են իրենց երկրների արտգործնախարարներին շարունակել համանախագահների հետ աշխատանքը այդ հարցերի շուրջ:
«Հաջորդ քայլը կլինի երկու նախարարների աշխատանքային հանդիպումը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Աթենքում», - ասվում է հայտարարության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-