ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը կարող է քննարկվել միայն հակամարտության կարգավորումից հետո, հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանական կողմի հավաստմամբ, մենք հիմա քննարկում ենք փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը: Ես կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այսօր դա չի քննարկվում: Նման հարց կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:
Նրա խոսքով, փախստականներին վերադարձնելու խնդիրը կարող է քննարկվել միայն Ղարաբաղին առավել ընդգրկուն համատեքստում անվտանգության համապատասխան երաշխիքներ ներկայացնելուց հետո՝ հաշվի առնելով նաև 400 հայ փախստականի վերադարձը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-