ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» շվեդական հեքիաթի հերոսի կերպարի ստեղծող, նկարչուհի Իլոն Վինքլանդը առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրել է Երևանում, հինգշաբթի ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնեց Պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսի բացմանը մրցույթի արդյունքում ընտրված երեք դպրոցների սովորողները անգլերենով էտյուդներ ներկայացրին երեխաների իրավունքների թեմայով:
Ներկայացումներում ներգրավված էին թատրոնի և կինոյի ճանաչված դերասաններ Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, ինչպես նաև Աշոտ Ղազարյանի «Հումորի դպրոցի» ու «Օրրան» բարեգործական կենտրոնի սաները:
«Կառլսոնի կերպարի նախատիպը ֆրանսիացի է, ոչ թե շվեդ, ինչպես շատերը կարծում են»,- գաղտնիքը բացեց Վինքլանդը:
Նկարչուհու խոսքով՝ մի անգամ, Փարիզի փողոցներով զբոսնելիս ինքը տեսել է մի մարդու, որն արտաքնապես լիովին համապատասխանում էր Լինդգրենի հեքիաթի աշխույժ հերոսի կերպարին, արդյունքում հենց նրա կերպարն է օգտագործվել բոլորի կողմից շատ սիրելի հերոսի ստեղծման համար:
Իր հերթին Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, որը ներկա էր ցուցահանդեսի բացմանը, իր ողջույնի խոսքում նշեց Կոնվենցիայում ամրագրված բոլոր սկզբունքների նշանակությունը և ասաց, որ «այդ հոբելյանի տոնումը նման ջերմ միջավայրում հատուկ նշանակություն է ստանում»:
Նկարչուհի Իլոն Վինքլանդի աշխատանքների «Տանիքում ապրող Կառլսոնը կրկին թռչում է» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի, Հայաստանում Էստոնիայի դեսպանատան, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և «Օրիֆլեյմ» ընկերության ներկայացուցչության աջակցությամբ:
Ցուցահանդեսը Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային նվիրված միջոցառումների մի մասն է: Հայաստանը Կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը: -0-