Աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքներ կանցկացվեն Հայաստանում

19.11.2009, 14:31
Աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքներ կանցկացվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սկսել է Հայաստանում աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունները, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի ղեկավար Նվեր Սարգսյանը:

«Ցավոք, մինչ օրս աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի կապակցությամբ պետական մակարդակով որևէ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել Հայաստանում», - ասաց նա:

Նրա խոսքերով, ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն 2010 թ.-ի փետրվարին:

Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզերում թրաֆիքինգի դեպքերի ուսումնասիրման աշխատանքները կիրականացնի 70 մասնագետից բաղկացած խումբը՝ շվեյցարացի փորձագետի գլխավորությամբ:

Հայաստանում ԱՄԿ-ի ղեկավարը նշեց, որ թրաֆիքինգի դեպքերի բացահայտման բարդությունը կայանում է նրանում, որ հաճախ խնդիրներ են ծագում այս կամ այն դեպքը որպես ստիպողական աշխատանքի դրսևորում որակավորելու հետ:

«Թրաֆիքինգի դրսևորման հիմնական նշան է աշխատողներից փաստաթղթերի առգրավվումն ու աշխատավայրում բռնի կերպով պահելը», - ասաց Սարգսյանն՝ ավելացնելով, որ Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը շատ չեն, քանի որ դա հակասում է հայերի մշակույթին և մտածելակերպին:-0-