Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս տեղեկատվությունը լրագրողներին հաստատել է Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ նման քայլի հիմնական պատճառն իր առողջական վիճակն է: Պետրոսյանը տեղեկացրեց, որ զբաղվելու է դասախոսական գործունեությամբ:
Գևորգ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում 2009 թ.-ի մայիսի 12-ին:
Ինչպես տեղեկացրեց լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածուն է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երկու նախարար է փոխվել: Ավելի վաղ այդ պաշտոնն ամրագրվել էր Դաշնակցության կուսակցությանը, և ամենաերկարը պաշտոնավարեց Աղվան Վարդանյանը (2003-2008 թթ.): Այդ պաշտոնում նրան փոխարինեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը, որը նախարարի պաշտոնում աշխատեց մեկ տարուց պակաս և պաշտոնաթող եղավ կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու հետ կապված: Դրանից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը փոխանցվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և կուսակցության առաջարկով նախարար նշանակվեց 37-ամյա Գևորգ Պետրոսյանը:--0--