ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում AH1N1-ի (այսպես կոչված՝ խոզի գրիպ) դեմ պայքարին առավել լավ պատրաստված երկրներից մեկն է, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ֆ. Հոֆֆման-Լյա Ռոշ Լտդ.» դեղագործական ընկերության (Շվեյցարիա) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Բագրատ Լալայանը:
«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հարբուխի, այդ թվում նաև «խոզի» գրիպի վիրուսի շտամերի կանխարգելման և բուժման համար օգտագործել «Տամիֆլու» դեղամիջոցը, որի պաշարները բավական են (30 հազար տուփ) Հայաստանում համաճարակի տարածման դեպքում: Համաճարակի բացակայության դեպքում դեղամիջոցի պետական պաշարները կազմում են 8 հազար տուփ: Մինչև 2009 թվականի վերջ որպես ԱՀԿ-ից տրամադրվող օգնություն Հայաստան կներկրվի ևս 20 հազար տուփ», - ասել է նա:
Այս կապակցությամբ, ինչպես նշել է Լալայանը, հայկական հասարակությունը չպետք է մտահոգվի AH1N1 վիրուսի դեմ խորհուրդ տրվող «Տամիֆլու» դեղամիջոցի առկայության և գնի կապակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձյն՝ AH1N1 վիրուսով հիվանդների թիվը հասել է 15-ի:
«Եթե մարդը դիմել է բուժհաստատություն բուժօգնություն ստանալու համար, և բժիշկը նշանակել է նրան «Տամիֆլու», ապա այդ դեղամիջոցը կտրամադրվի նրան անվճար», - ասել է Լալայանը:
Մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությունը, որ ընկերությունը, օգտվելով առիթից, կտրուկ բարձրացրել է «Տամիֆլու» դեղամիջոցի գները՝ ընկերության ներկայացուցիչն ասել է, որ դեղի մանրածախ գնի բարձրացման պատճառը դրա դեֆիցիտն է և ավելացած պահանջարկը:
Ներկայացուցչության տնօրենը նշել է, որ մինչև 2009 թ.-ի օգոստոսի վերջը «Տամիֆլուն» պաշտոնապես չէր ներկրվում Հայաստան, քանի որ պահանջարկ չկար:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ օգոստոսի վերջին Հայաստան ներկրկված 260 տուփից 90 տոկոսն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, որի կառավարությունը ցանկացել է ունենալ դեղամիջոցի պաշաներ ձեռմային սեզոնի համար:
Լալայանի խոսքերով, դեղամիջոցի գներն ամրագրված են չորս մատակարար-ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերում, և նրանց կողմից համաձայնագրի պայմանների խախտման դեպքում համագործակցությունը կդադարեցվի:
Ինչպես նշել է «Ռոշ» ընկերության ներկայացուցիչը, բոլոր հնարավոր զեղչերով «Տամիֆլու» դեղամիջոցի բացթողնման գինը կազմում է 18 եվրո: Իսկ հաշվի առնելով հարկերը, ներկրողների և դեղատների ավելացումները, Հայաստանում եվրոյի փոխարժեքի տատանումը՝ դեղամիջոցի օպտիմալ գինը կազմում է 15,5-16 հազար դրամ (28 եվրո):
Նրա խոսքերով՝ մեծ մրցակցության պատճառով մանրածածախ և մեծածախ վաճառողների կողմից դեղամիջոցի գնի ավելացումը չի գերազանցում 5-6 տոկոսը:
ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով՝ այս տարվա հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին Հայաստան ներկրվել է «Տամիֆլու» դեղամիջոցի 2,5 հազար տուփ:
«Տամիֆլու» դեղամիջոցը (օսելտամիվիր) արտադրվում է «Ֆ. Հոֆֆման-Լյա Ռոշ Լտդ.» շվեյցարական դեղագործական ընկերության կողմից («F. Hoffmann-La Roche Ltd,», որը հայտնի է որպես «Roche»): Դեղամիջոցը խորհուրդ է տրվում ԱՀԿ-ի կողմից և օգտագործվում է բժիշկի կողմից նշանակման դեպքում գրիպի վիրուսի հայտնի բոլոր շտամերի, այդ թվում նաև համաճարակային շտամերի (H5N1 և AH1N1) դեմ:
Հայաստանում ընկերության ներկայացուցչությունը չի զբաղվում կոմերցիոն գործունեությամբ, և նրա խնդիրը երկրի տարածքում մասնագետներին իրազեկելն է, մարկետինգը, դեղորայքի գրանցումն ու երկրում ընկերության շահերի պաշտպանությունը:-0-