Հայ խորհրդարանականները հեշտացնում են օտարերկրացիներին աշխատելու թույլտվություն տալու ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկեցին «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումները, որոնցով հեշտացվում է օտարեկրացիներին Հայաստանում աշխատելու թույլտվություն տալու ընթացակարգը:
Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, լրացումներն ուղղված են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, երկրի աշխատաշուկայի կարգավորմանն ու հեշտացմանը:
«Լրացումներով հայաստանյան ընկերություններին, որոնց կապիտալում չկան արտասահմանյան ներդրումներ, թույլատրվում է օտարեկրյա աշխատողներ ընդունել առանց լրացուցիչ թույլտվությունների աշխատանքային պայմանագրի ուժի մեջ լինելու ողջ ընթացքում»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ գործող խմբագրության համաձայն՝ օտարերկրացիներին աշխատելու թույլտվություն տրվում է մեկ տարուց ոչ ավելի ժամկետով և այն կարող է միևնույն ժամկետով երկարացվել միայն մեկ անգամ:
Այդ ժամկետը լրանալուց հետո, ինչպես նշեց Դանիելյանը, օտարերկրացի մասնագետը պետք է լքի Հայաստանի տարածքը և հայկական ընկերությունում կարող է աշխատանքի անցնել մեկ տարվա ժամկետը սպառելուց հետո միայն:
Ինչպես հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարարը, նման կանոնն անարդար է և որոշակի խտրականության տարրեր ունի:
Դանիելյանը նշեց, որ օտարերկրացիներին աշխատել թույլ տալու ընթացակարգի վերացումը հայկական աշխատաշուկան և տնտեսությունն ընդհանուր առմամբ ավելի մրցունակ կդարձնի, կխթանի հանրապետության գործարար միջավայրը: -0-