ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել ՀՀ քրեական օրենսգրքում, որոնք ուղղված են լրագրողների շահերի պաշտպանությանը:
Ինչպես տեղեկացրեց օրինագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, փոփոխություններով նախատեսվում է նոր կետ ավելացնել ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածում (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
Ինչպես նշեց Մարգարյանը, նոր կետով պատասխանատվություն է սահմանվում լրագրողի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու և բռնության սպառնալիք ներկայացնելու համար՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, կամ նրան ստիպելու տարածել կամ հրաժարվել տարածել տեղեկատվություն:
Նման գործողությունների համար նախատեսվում է 200 հազար դրամից (շուրջ 520 դոլար) մինչև 400 հազար դրամի (շուրջ 1035 դոլար) տուգանք, կամ մինչև երկու տարի ուղղիչ աշխատանքներ, կամ մինչև հինգ տարի ազատազրկում:
Միաժամանակ Մարգարյանն ասաց, որ նման փոփոխությունների անհրաժեշտությունը հասունացել է, քանի որ մի շարք հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն, Հայաստանում վերջին տարիներին ավելացել է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի և նրանց մասնագիտական գործողություններին խոչընդոտելու փորձերի թիվը:
Պատգամավորի խոսքերով, դա ապացուցում է, որ լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանության աստիճանը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ, և հասունացել է պատժամիջոցների խստացման միջոցով նրանց պաշտպանության անհրաժեշտությունը:-0-