ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախօրեին Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
«Ողջունելով հյուրին՝ Հակոբյանը հույս է հայտնել, որ հայ-գերմանական ստեղծված լավ հարաբերություններն էլ ավելի կսերտանան», - ասվում է տեղեկատվության մեջ:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծով միջոցներ են նախատեսվել Բեռլինի Բաց համալսարանի (Freie Universitat Berlin) հայագիտության ամբիոնի պահպանման և զարգացման համար:
Նրա խոսքերով, հայագիտական օջախի զարգացմանը կնպաստի նաև Երևանի պետական և Բեռլինի Բաց համալսարանների միջև կնքված հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացումը:
Գերմանիայում հայկական մեկօրյա դպրոցների թվի ավելացումը կարևորելով` գերատեսչության ղեկավարը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում հայերենի ուսուցմանը և ընդգծել Հունգարիայի Հանրապետության լավագույն փորձը, որտեղ պետությունն ազգային ինքնավարություններին միջոցներ է տրամադրում ազգային մշակույթի և մայրենիի պահպանման համար:
Զրուցակիցները քննարկել են նաև Գերմանիայում հայկական խնդիրների լուծման նպատակով հայ համայնքի և Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև ուսանողների փոխանակման, հայ համայնքի պատմության ուսումնասիրության և համայնքի պատմությունը ներկայացնող ֆիլմի նկարահանման հարցերում համագործակցության հեռանկարները: -0-