ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովում կսկսի աշխատել Եվրամիության խորհրդատուն, հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի գործունեությունը սկսելու հետ կապված աշխատանքային և կազմակերպչական հարցերը քննարկվել են ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի և ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Կարևորելով ԵՄ հետ համագործակցության զարգացումը`Աբրահամյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ:
Լորենցո Օչոան իր հերթին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեքի ջերմ ողջույնները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նախանշել են այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին և պայմանավորվել են խթանել համատեղ աշխատանքը:-0-