Հայաստանի և Ռուսաստանի լրագրողները պետք է գործեն ընդհանուր տեղեկատվական տարածքում. ռուս հեռուստահաղորդավար

16.11.2009, 20:03
Հայաստանի և Ռուսաստանի լրագրողները պետք է գործեն ընդհանուր տեղեկատվական տարածքում. ռուս հեռուստահաղորդավար

Հայկական և ռուսական լրագրությունը պետք է հասնի ընդհանուր տեղեկատվական տարածքի միավորմանը, ասաց «Վեստի» լրատվական ծրագրի վարող, «Ռոսիա» հեռուստաալիքի քաղաքական տեսաբան Անդրեյ Կոնդրաշովը:  

«Եթե մենք Մոսկվայում և դուք Երևանում մեծ մասնակցությամբ հետևենք նրան, թե ինչ է տեղի ունենում մեր երկրներում, ապա դա կլինի եթե ոչ ամենագլխավորը, ապա  կարևորը, ինչին հայկական և ռուսական լրագրությունը կարող է հասնել»,- ասաց նա երկուշաբթի Երևանի պետական համալսարանում ռուսական հեռուստատեսության օրերի պատվիրակության անդամների և հայ ուսանողության հանդիպման ժամանակ:

Կոնդրաշովի խոսքերով՝ հասարակություններում դեռ շարունակվում են կենտրոնախույս ուժերը, «որոնք մեզ ավելի ու ավելի են բաժանում ու հեռացնում միմյանցից»: «Մենք դեռևս հասկանում ենք միմյանց, սակայն տասը տարի անց մենք կարող ենք տարբեր լեզուներով խոսել»,- ասաց նա:

Կոնդրաշովն ասաց նաև, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները դեռևս չեն սովորել շփվել և ձգտել հետաքրքիր լինել միմյանց համար՝ դա անվանելով լրագրության հասարակական խնդիրը:

Հայաստանում նոյեմբերի 16-19-ը ռուսական հեռուստատեսության օրեր են անցկացվում: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրվում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս առաջատար հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև «Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի» ստորագրում:-0-