ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչները սկսել են ավելի հաճախ ամուսնանալ և քիչ ամուսնալուծվել, ինչի մասին վկայում են 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրության տվյալները:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին երկրում ավելի քան 13,7 հազ ամուսնություն է կատարվել, ինչը 0,9 տոկոսով գերազանցում է 2008 թ.-ի միևնույն ժանանակահատվածի ցուցանիշը: Կնքված ամուսնությունների ընդհանուր գործակիցը 1000 մարդու հաշվով 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով աճել է 0,1 պրոմիլային կետով և հասել 5,7 պրոմիլի:
Միևնույն ժամանակ պաշտոնական վիճակագրության տվյալներով` 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին ամուսնալուծությունների թիվը երկրում կրճատվել է 6,2 տոկոսով և կազմել ավելի քան 2,1 հազ դեպք:
Ընդհանուր առմամբ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում կնքված յուրաքանչյուր 1000 ամուսնությանը բաժին է ընկել 155 ամուսնալուծություն` 2008 թ.-ի հունվար-սեպտեմբերի 167-ի համեմատ:
Հայաստանի բնակչության թիվը 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 3 մլն 245,9 հազար մարդու՝ գերազանցելով 2009 թ.-ի սկզբի ցուցանիշը 7,9 հազար մարդով և 10,9 հազար մարդով 2008 թ.-ի հոկտեմբերի ցուցանիշը: -0-