Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունները մասնակցել են Լոնդոնի World Travel Market ցուցահանդեսին

13.11.2009, 19:48
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունները մասնակցել են Լոնդոնի World Travel Market ցուցահանդեսին

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունները մասնակցել են նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացված WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին, տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը։

 

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացրել են Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, ասվում է հաղորդագրությունում։

Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է ԼՂՀ պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությունները:

Լոնդոնում անցկավող WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսն աշխարհի զբոսաշրջային իրադարձությունների շարքում ամենահեղինակավորներից է, որտեղ որոշվում են համաշխարհային զբոսաշրջային շուկայի նորագույն թրենդերը։

Ցուցահանդեսի գործարար ծրագիրն ընդգրկում է ՄԱԿ-ին առընթեր Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության նախարարական գագաթնաժողովը, շնորհանդեսներ, սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ։ -0-