Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի շահերից. Հայաստանում Գերմանիայի դեսպան

13.11.2009, 14:50
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի շահերից. Հայաստանում Գերմանիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նաև Թուրքիայի շահերից է բխում, ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:

«Եթե Թուրքիան ցանկանում է ավելի էական դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում, ապա պետք է օգտվի այդ հնարավորությունից և վավերացնելով արձանագրությունները՝ ցույց տա իր կամքը», - ուրբաթ լրագրողներին ասաց Շմիդտը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կարևորությունն ընդգծեց նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-