Երևանում կայացավ հայ-ռուսական բարեկամության մասին գրքի շնորհանդեսը
Հինգշաբթի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ հեղինակ Իվան Սեմյոնովի «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակի խոսքով, նա իր աշխատանքում փորձել է ցույց տալ հայ-ռուսական բարեկամության բազմադարյա պատմությունը, և դրա դերը միջազգային հարաբերություններում:
Սեմյոնովը նշեց, որ տիրապետելով հայերենին, ինքը ծանոթացել է ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի արխիվների նյութերին:
«Իմ նպատակն է երիտասարդ սերնդին փոխանցել հայ-ռուսական բարեկամության լավագույն ավանդույթները, նրանց ներկայացնել այն, ինչ կապում է մեր երկու ժողովրդին»,- ընդգծեց հեղինակը:
Գրքում ընդգրկված են պատմական ակնարկներ հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ սկսած 9-րդ դարից, Անդրկովկասի ռուս աղանդավորների պատմությունը, Խորհրդային և հետխորհրդային Հայաստանում ռուսական սփյուռքի մասին տեղեկություններ:
Հրատարակության նախաբանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ գիրքը կգտնի իր շահագրգիռ ընթերցողին:
«Վստահ եմ, որ գիրքը պահանջված կլինի որպես հայրենակիցների՝ պատմական Հայրենիքի հետ ավանդաբար սերտ կապերի և մեզ միավորող ահռելի ստեղծագործական ներուժի բացահայտման նվիրվածության համոզիչ հաստատում»,- նշել է նախարարը:
Գիրքը հրատարակվել է ՌԴ ԱԳՆ արտասահմանում հայրենակիցների գործերի կառավարական հանձնաժողովի աջակցությամբ: -0-